ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ռազմականացված Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ

Ռազմականացված Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ
19.09.2025 | 11:48

ՈՒկրաինական պատերազմի պատճառների և հետևանքների շուրջ 2022 թ. սկզբներից քաղաքական սուր բանավեճերը շարունակվում են: Դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալ եզրահանգումներին: Արևմտյան կենտրոնները միաձայն և միաբերան ազդարարում են ագրեսոր Ռուսաստանի դեմ ուկրաինական ժողովրդի պայքարը, որը նաև ժողովրդավարության ու Եվրոպայի փրկության համար է: Ռուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որն ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարաքաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև՝ պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը՝ ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ, գաղափարաքաղաքական գործոնից բացի, կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում: Դա բավականին սարսափելի մի իրողություն է, որն ամենամեծ վտանգն է խաղաղության գլխին կախված: Ակնհայտ երևում է, որ պատերազմի արագ կանգնեցումը կարող է դառնալ տնտեսապես ոչ շահավետ: Ռուսաստանի տնտեսությունը մեծամասամբ տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա և կողմնորոշված է ռազմաճակատի կարիքների բավարարմանը: Տնտեսության ապառազմականացումը կարող է ավելի ցավոտ և ճգնաժամային լինել և առաջացնել սոցիալական դժվարագույն խնդիրներ: ԱՄՆ-ի տնտեսական կարողությունները ևս կապված են ներկա պատերազմի հետ: Երկրի խտացված գազի և զենքի վաճառքը եվրոպական պետություններին հսկայական շահույթներ են ապահովում, այստեղ ևս ռազմարդյունաբերական համալիրը վերելք է ապրում: Մեծ հաշվով, պատերազմը առավել կորստաբեր է առաջին հերթին «ժողովրդավարական» Ուկրաինայի համար, որն ընկավ լիբերալ ծայրահեղականների թակարդը և հայտնվեց ճահճում: Իհարկե, այստեղ էլ կան փող աշխատող ձեռներեցներ, անհնար է, որ հսկայական օգնությունների վրա կոռուպցիա և յուրացումներ չլինեն: Ռուսական էժան գազից զրկված Եվրոպան ևս կորուստներ է ունենում, բայց ռազմարդյունաբերական կապիտալի տերերը, կարծես թե, ավելի ազդեցիկ են:

Ինչևէ, ռազմականացված Ռուսաստանն այժմ ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ: Սա Արևմուտքի լուրջ պարտությունն է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ